ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏՈՒՐԻԶՄԸ
Հայաստանում դեռ պահպանվում է այն միֆը, թե հանքարդյունաբերությունն ու տուրիզմը նույն տարածքում անհամատեղելի են։ Սակայն բազմաթիվ օրինակներ ամբողջ աշխարհում վկայում են հակառակը։ Շատ երկրներում հանքարդյունաբերությունն ու տուրիզմը ոչ միայն համատեղելի են, այլև կարող են փոխլրացնել միմյանց։
Շվեյցարիայում հանքերի կողքին զարգացած են հանգստի գոտիներ, Կանադայում հանքավայրերը վերածվում են զբոսաշրջային ուղղությունների, իսկ Չիլիի Ատակամա անապատը, խոշոր հանքավայրերի առկայության հետ մեկտեղ, պահպանել է իր բնական գեղեցկությունը՝ խիստ բնապահպանական կանոնների շնորհիվ։ Նման օրինակ է նաև Շվեդիայի Քիրունա քաղաքը, որտեղ հանքարդյունաբերությունն ապահովում է տնտեսական հիմքը, իսկ տուրիզմը՝ հատկապես Հյուսիսային լույսերի դիտումն ու սառցե հյուրանոցը, ձևավորում են քաղաքի միջազգային ճանաչումը։
Այս օրինակները ցույց են տալիս, որ համաչափ պլանավորման, բնապահպանական գնահատումների և տարածքների ճիշտ կառավարման դեպքում հանքարդյունաբերությունն ու տուրիզմը կարող են զարգանալ նույն տարածքում՝ ապահովելով կայուն և բազմակողմանի տնտեսություն։